22:00
Ջորջ Հարիսոնի վերջին հարցազրույցը


Ջորջ Հարիսոնը մահացել է 2001 թ. նոյեմբերի 29-ին, 58 տարեկանում, Լոս Անջելեսում, իր ընկերոջ` Գևին Դե Բեքերի տանը, գլխուղեղի չարորակ ուռուցքից: Անխուսափելի մահը Հարիսոնն իսկական իմաստունի նման դիմավորեց: 1998 թ. իմանալով հիվանդության մասին՝ նա փիլիսոփայորեն ասաց` ինչ արած` ամեն բան էլ պատահում է և երկրպագուներին խնդրեց շատ չմտահոգվել իր առողջական վիճակի մասին տեղեկություններից: Մահվան մահճում նա կնոջը` Օլիվիային և որդուն` Դհանիին ասաց՝ սիրեցեք միմյանց: «Բիթլների» ամենակրտսեր անդամը՝ Ջորջ Հարիսոնը, առավել եռանդագին էր պահպանում այն, ինչն անգլերենում արտահայտվում է privacy բառով, այսինքն իր անձնական կյանքը: Հարցազրույցներ տալիս շատ ժլատ էր, չէր սիրում հրապարակավ մերկացնել հոգին, այդ պատճառով էլ լրագրողները նրան կնքել էին «լռակյաց բիթլ» անուններով: «Այն խնդիրը, որին ես բախվեցի ուշադրության կենտրոնում հայտնվելուն պես, կոչվում է «մարդը՝ բոլորի տեսադաշտում»: Այդ խնդրի էությունն անձնական կյանքի և ամբողջ աշխարհի տեսադաշտում լինելու պարտավորության հակասության մեջ է: 60-ականների վերջերից այդ հանրահայտությունն ինձ սկսեց ձանձրացնել: Արդյունաբերության մեջ, առևտրում, պետական համակարգում չարագործներն ու խեղկատակներն անթիվ են ու նրանք ամսագրերի կազմերին հայտնվելու ավելի մեծ հիմքեր ունեն, քան որևէ երաժիշտ»,-կարտահայտվի նա 1997 թ., երբ The Beatles Athology ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ իրենից հարցազրույց կպահանջեն:
Նույնիսկ իր փառքի գագաթնակետին` The Beatles-ի կազմում, Ջորջ Հարիսոնը գրեթե չէր օգտվում փառքի պտուղներից: Ջորջն ատում էր հրապարակայնությունը, տանել չէր կարողանում, երբ մամուլում տպագրում էին իր լուսանկարները և որպես կանոն հրաժարվում էր լրագրողների հետ շփումից: «Ես չեմ ուզում աստղ լինել, ես ուզում եմ պարզապես կիթառ նվագել»,- մի անգամ երգեց նա:
The Beatles-ի կազմալուծումից հետո Ջորջը թեթև սրտով կտրեց շրջապատի հետ բոլոր կապերը և կամավոր աքսորական դարձավ: Նա աշխարհի ծայրին մի փոքրիկ ամրոց ուներ՝ Մեծ արգելախութի կղզիներից մեկում, ուր անդորր էր փնտրում, երբ արդեն շատ վատ էր զգում, երբ խեղդում էին հուսահատությունն ու այն միտքը, որ վերջը շատ մոտ է: Տեղի բնակիչները Ջորջի համար տհաճ չէին, նրանց հետ հաճույքով էր ժամանակ անցկացնում, քանի որ այդ մարդիկ երբեք նրա կյանք չէին ներխուժում և նրան վերաբերվում էին որպես մի տարօրինակ մարդու, ով չգիտես ինչու՝ ապրելու համար իրենց փոքրիկ կղզին է ընտրել:



Եվ հավանաբար Կորալյան ծովի իր տան և այդ սիրալիր մարդկանց մասին հիշելով է, որ մահվանից ոչ շատ առաջ Ջորջ Հարիսոնը հարցազրույց տվեց հենց ավստրալացի լրագրող Պոլ Քեշմերին. դա ոչ միայն նրա վերջին, այլև ամենաանկեղծ հարցազրույցն էր. հավանաբար ինքն էլ էր հասկանում, որ դա իր վերջին խոսքն է:
- Երկար ընդմիջումից հետո՝ 1991 թ. դուք մեկնեցիք հյուրախաղերի, համերգներից մի քանիսին մասնակցում էր նաև Էրիկ Քլեփթոնը: Նրա հետ ե՞րբ եք ծանոթացել:
- 1964-ին կամ 65-ին, չեմ հիշում: Ինձ թվում է՝ դա տեղի ունեցավ Լոնդոնում, Սուրբծննդյան տոների առթիվ մեր կազմակերպած համերգներից մեկի ժամանակ. մենք երկու թե երեք շաբաթ ելույթ էինք ունենում «Օդեոնում», այնտեղ նվագում էր նաև Էրիկի խումբը` Yearbirds-ը: Երկրորդ անգամ մենք հանդիպեցինք 60-ականների վերջին, Բրայան Էփշտեյնն այդ ժամանակ զբաղվում էր Cream խմբի մենեջմենտով, որտեղ Էրիկն էր նվագում: Այդ ժամանակվանից Էրիկ Քլեփթոնն անընդհատ մեր շուրջն էր պտտվում:
- Ռոք երաժշտության բոլոր տեղեկագրերում գրված է. «Էրիկ Քլեփթոնը փախցրել է Պետի Բոյդին` Ջորջ Հարիսոնի կնոջը»: Ինչպե՞ս կարողացաք ոչ միայն չընդհարվեցիք նրա հետ, այլև ընկերներ մնալ:
- Ես «փախցնել» բառը չէի օգտագործի, կասեի, որ ես եմ կնոջս հոժարակամ հանձնել նրան: Երբ դա տեղի ունեցավ՝ իմ ու Պետիի հարաբերություններն արդեն խզված էին, այնպես որ ես առանձնապես ոչ մի խնդիր նրա հեռանալում չէի տեսնում: Այո, Քլեփթոնն ամուսնացավ իմ կնոջ հետ` դա փաստ է, բայց ես կասեի, որ իրականում խնդիրներ ուներ ինքը` Էրիկը. նրան սարսափելի բարկացնում էր, որ ես նրա վրա ընդհանրապես բարկացած չէի: Ինչպես ցանկացած այլ տղամարդ, որն անկողին է մտել իր ընկերոջ կնոջ հետ, նա հոգու խորքում երազում էր, որ ընկերը տառապի: Նա չարագործ չէ և ոչ էլ սադիստ, շատ բնական է, որ այդպես դատեր: Իսկ ես երջանիկ էի, որ կինս վերջապես հեռացավ իմ տնից: Եթե Էրիկը չլիներ՝ մենք ստիպված կլինեինք զանազան տհաճությունների միջով անցնել, որոնք սովորաբար ուղեկցում են ամուսնալուծությանը` վեճեր, ամաններ ջարդել, միմյանց գլուխ կոտրել և այլն: Իսկ այդպես` նա հայտնվեց հուսալի ձեռքերում ու ինչն ամենակարևորն է` ստիպված չեղավ փոխել այն կենսակերպը, որին սովոր էր` վիսկի, հրավերքներ, նոր մեքենաներ ու զգեստներ, ոչ այնքան առողջ զվարճանք ու երաժշտություն. ամեն ինչ նույնը մնաց, պարզապես ուրիշ վայրում և ուրիշ երաժիշտի հետ:
- Բայց ասում են` Somethig երգը դուք Պետիին եք նվիրել:
- Ամենևին, պարզապես ինչ-որ մեկի մտքով անցել է սիրողական տեսանյութի վրա երաժշտությունը տեղադրել: Ահաև ստացվել է, որ ես անտառում թափառում եմ Պետիի հետ, Պոլը զբոսնում է Լինդայի ձեռքը բռնած, Ռինգոն խոսում է Մորինի հետ, իսկ Ջոնն էլ այդ ժամանակ նոր-նոր էր ծանոթացել Յոկոյի հետ: Իսկ ընդհանրապես՝ Somethig-ը գրելիս ես Ռեյ Չառլզի մասին էի մտածում:
- Իսկ ձեզ համար վիրավորական չէ՞ր, որ երգը միայն 1968 թ. ձայնասկավառակում ներառվեց:
- Վիրավորականը դա չէր, այլ այն, որ մենք օրեր էինք վատնում օրինակ Maxwell`s Silver Hammer երգը մշակելու համար, և միայն այն ժամանակ, երբ միլիոներորդ տարբերակը հեղինակներին բավարարում էր, մենք վերջապես իմ երգի համար 5-10 րոպե էինք գտնում: Ես հաստատ գիտեմ, որ իմ երգերից մի քանիսը ոչնչով չեն զիջում Պոլի ու Ջոնի գրած միջին գործերին, գուցե նույնիսկ ավելի լավն էին, բայց դե The Beatles-ում այդպես էր ընդունված: Հիմա` այսքան տարի անց, ես արդեն հանգիստ եմ վերաբերվում դրան, իսկ այն ժամանակ նման վերաբերմունքն իրոք երբեմն վիրավորում էր:
- Ձեր երգերից որո՞նք կարող էին հիթեր դառնալ, եթե դուք դրանք կատարեիք The Beatles-ի կազմում:
- Զվարճալի է, բայց հենց իմ երգերն են The Beatles-ի ձայնասկավառակներում ներառվել սկզբնական տեսքով, այնպես, ինչպես ես եմ գրել, քանի որ միշտ մենակ եմ աշխատել` ի տարբերություն Պոլի և Ջոնի: Cloud 9-ն օրինակ ցանկացած գործիքավորմամբ էլ հիթ կդառնար: Ի դեպ ես իմ այդ տարիների երգերը երբեք The Beatles-ի հիթեր չեմ համարել. Taxma, I Wat to Tell You երգերը ես եմ գրել, այնպես, ինչպես Art Of Dyig-ը, Learig How to Love You-ն: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ես առաջինները համարեմ կոլեկտիվ ստեղծագործություն, և ոչ թե իմ երգերը: Պարզապես 1970-ից հետո ես իմ երաժշտությունը ուրիշ մարդկանց հետ էի ձայնագրում, այդքան բան:
- Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեր երգերն ուրիշներն են կատարում:
- Շատ լավ: Այդ երգերը փչացնելը դժվար է: Բիթլներն իրենց կարիերան սկսել են Չաք Բերրիի և Ռեյ Չառլզի երգերով, ուրեմն ես ինչո՞ւ պետք է մերժեմ այն երիտասարդ երաժիշտներին, ովքեր ուզում են իմ երգերը կատարել:
- Ասում են՝ դուք միակ երգահանն եք, ով իր երգերի cover տարբերակների համար հոնորար չի վերցնում:
- Չգիտեմ միակն եմ, թե ոչ, բայց իմ կարծիքով ազնիվ մարդուն վայել չէ փող պահանջել մի բանի համար, ինչն արդեն մեկ անգամ վարձատրվել է: Եթե մեկն ուզում է իմ երգերը կատարել՝ թող երգի, նվագի: Գործընկերներիս վերաբերմունքն իմ երգերի հանդեպ ցանկացած փողից թանկ է: Բացի դրանից՝ ես այնքան դրամ ունեմ, որ նույնիսկ երկու-երեք հավելյալ միլիոնները եղանակ չեն փոխի:
- Ժամանակին ձեր My Sweet Lord երգի պատճառով դատական գործ էր հարուցվել (Ջորջին գրագողության մեղադրանք էր ներկայացվել. ամերիկյան Chiffos վոկալ խումբը պնդում էր, որ Հարիսոնը գողացել է 1962 թ. գրած իրենց He is so fie հիթի երաժշտական թեման, սակայն դատարանը վճռեց, որ խոսքը «ոչ միտումնավոր փոխառման» մասին է): Հետագայում դա անդրադարձա՞վ ձեր` որպես երգահանի ներքին ազատության վրա:
- Իմ կարծիքով` ոչ: That sog երգում ես փորձեցի մեկնաբանել իրավիճակը և կարծես թե ստացվեց: Ինձ, Պոլին, Ռինգոյին անընդհատ ինչ-որ մեկը դատի էր տալիս, հոգնեցուցիչ էր: Մեր նախկին մենեջեր Ալան Քլեյնը (որն այդ պաշտոնն զբաղեցրել էր Բրայան Էփշտեյնի մահից հետո) քիչ էր մնում պնդեր, որ 1968-1970 թթ. Բիթլների ձայնագրած բոլոր երգերն ինքն է գրել: Հենց Քլեյնն էր ինձ համոզել, որ My Sweet Lord երգն ընդգրկենք ալբոմում` չնայած ես որոշակի կասկածներ ունեի. հասկանում էի, որ երգի գլխավոր թեման փոխառել եմ ինչ-որ տեղից, բայց որտեղի՞ց` չգիտեի: Պետք էր փորձագետներ հրավիրել, բայց Քլեյնը չէր ուզում գումարներ ծախսել, ընդհանրապես՝ նա սիրում էր փողը, հատկապես ուրիշինը, բայց անշուշտ մեղքի իմ բաժինն էլ կար: Այնպես ստացվեց, որ նա ինձ հասանելիք գումարի 20 տոկոսն իրեն վերցրեց, իսկ հետո էլ անցավ մեղադրող կողմի ճամբարը:
- 1966-ին դուք դե՞մ էիք խմբի համերգային գործունեության դադարեցմանը:
- Ամենևին, դա մեր ընդհանուր որոշումն էր: Անձամբ ինձ զայրացնում էր, որ մենք այդքան հանրահայտ ենք դարձել, որ մեզ վրա որպես երաժիշտների, արդեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում, իսկ մենք վատ խումբ չէինք, հատկապես սկզբնական շրջանում: Իսկ հետո տղաներն ու աղջիկներն սկսեցին մեր համերգներին խելագարների նման ոռնալ. նրանց համար այլևս հետաքրքիր չէր, թե մենք ինչ ենք նվագում, ինչ ենք երգում: Ի վերջո համերգային շրջագայություններն անհնար դարձան: Ես նախանձում էի նույն Էրիկ Քլեփթոնին. որպես երաժիշտ նա զարգանալու հնարավորություն ուներ, իսկ առանց համերգների դա հնարավոր չէր: Ցավոք, մենք ստիպված էինք ստուդիայական կամավոր բանտարկության ենթարկվել, որովհետև հանրության հետ շփվելու այլ տարբերակ պարզապես չունեինք:
- Գուցե դա այնքան էլ վատ չէր. եթե շարունակեիք համերգներում ելույթ ունենալ, դժվար թե ստեղծեիք Sgt.Pepper կամ Abbey Road ալբոմները:
- Գուցեև: Կարծում եմ՝ շատ շուտով ես նույն հարցը Ջոնին կտամ, բայց հետո պետք է նրա կարծիքը ձեզ փոխանցելու ձևը գտնեմ: Նաև կիմանանք, թե այնտեղ` վերևում ինչ են մտածում այն մասին, որ «The Beatles-ը Հիսուսից կարևոր է»: Ենթադրում եմ, որ ես էլ իմ հերթին ստիպված կլինեմ նրանց հարցերից մի քանիսին պատասխանել:




Կատեգորիա: Հայացք դեպի անցյալ | Դիտումներ: 1282 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն