12:46
Այսօր ավարտվում է «Կարգին սերիալը». հարցազրույց Մկրտիչ Արզումանյանի հետ


Հայաստանցի հեռուստադիտողի շրջանում մեծ ժողովրդականություն վայելող «Կարգին սերիալը» մոտեցավ իր տրամաբանական ավարտին:
Շատերը դժվարանում են հաշտվել, որ էկրաններին այլևս չեն տեսնելու սիրված կերպարները:

Հարցազրույց Մկրտիչ Արզումանյանի/Մկոյի հետ:

-Ինչպե՞ս որոշվեց, որ պետք է մարմնավորեիք հենց Ադիկի կերպարը:

-Ամենասկզբում որոշված էր, որ ես Վարդանի դերն էի մարմնավորելու, իսկ Հայկը՝ Ադիկինը, բայց վերջին պահին՝ իմ առաջարկով փոխեցինք:
Կարծում եմ, որ դա շահեկան եղավ, որովհետև ավելի հետաքրքիր ստացվեց, ամեն մեկս յուրովի ներկայացրեցինք կերպարները, և ինձ թվում է արդյունավետ չէր լինի, եթե ես խաղայի Վարդանի կերպարը, իսկ Հայկը` Ադիկինը:

Այդ կերպարը կարելի էր ևս մի երկու սեզոն էլ խաղալ, որովհետև այն շատ բազմակողմանի բացվեց, նույնիսկ պարզվեց, որ նա կարող է հանցագործ անցյալ էլ ունենալ և այդպես ներկայանալ: Մի խոսքով, այն շատ հետաքրքիր և բազմակողմանի կերպար էր, որին շատ հետաքրքիր էր ամեն անգամ նորովի ներկայացնելը:

Ցանկացած կերպար էլ, որ լիարժեք զգում ես, մտնում ես այդ կերպարի մեջ, դառնում է երեխայի պես մի բան, որին ուզում ես փայփայել ու մեծացնել:
Կերպարս այնքան հոգեհարազատ էր դարձել, այնքան եմ ապրել այդ կերպարով, որ դժվար է պատկերացնել, որ շարունակություն չի լինելու:


-Իսկ բացի մարմնավորած կերպարից, ո՞ր կերպարն էր Ձեզ դուր գալիս:

-Շատ սիրում եմ Ջեմմայի (Ժենյա Մկրտումյան) և Սեդայի (Արշալույս Ավետիսյան) կերպարները, որոնք, կարելի է ասել, անթերի են մարմնավորվել: Իմ ամենասիրած կերպարներն են եղել այդ երկուսը:


-«Կարգին սերիալն» ի՞նչ փուլ էր Ձեր կյանքում:

-Սա բոլորովին ուրիշ մի բան էր «Կարգին հաղորդումից» հետո. 7-8 տարի տևողությամբ հաղորդումից հետո մեզ ոչ ոք ուրիշ ֆորմատում չէր պատկերացնում: Փաստորեն երկար ու դժվար աշխատանքի շնորհիվ կարողացանք այնպես անել, որ հեռուստադիտողը սիրի նաև այս ձևաչափը, չնայած որ «Կարգին հաղորդման» շատ սիրահարներ կան, որոնք այդպես էլ չհաշտվեցին այն մտքի հետ, որ մենք խաղում ենք սերիալում:
Հույս ունեմ, որ կգա ժամանակը և մենք կվերադառնանք կարգին հաղորդման ֆորմատին, որովհետև դա էլ է շատ հարազատ: Կարճ ժամանակահատվածում ներկայացնելով տարբեր դերեր` այնպես պետք է անել, որ հեռուստադիտողը հավատա կերտածդ կերպարին:


-Ինչպիսի՞ն էին զգացողությունները «Կարգին սերիալի» վերջին սերիայի նկարահանման ժամանակ:

- Բնականաբար, տխրություն կար, որովհետև այն մարդիկ, ովքեր մասնակցել են սերիալում, հարազատ են դարձել` վարորդից մինչև դերասանական անձնակազմը:
Ամբողջ օրն այդ մարդկանց հետ ես, ավելի շատ ժամանակ ես անցկացնում այդ թիմի հետ, քան տանը, բնականաբար՝ հնարավոր չէ չկարոտել, չտխրել:Սակայն ամեն ինչ ճիշտ ժամանակին է արվում, որովհետև եթե դու շարունակես, նախագիծը կարող է կյանք չունենալ, դա պետք է կանխատեսել և ժամանակին հանել եթերից ու շարունակել աշխատանքը նոր ծրագրերում:
Շատերն են ասում՝ վա՜յ, չէ՛ ինչու՞ վերջացավ, բայց մենք զգում ենք, զարգացում կլինի, թե՝ ոչ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում «Կարգին սերիալի» քննադատներին:

-Լավ է, երբ կա քննադատություն: Դա նշանակում է, որ այն ինչ անում ես ուշադրության կենտրոնում է: Լավ է և ընդունելի, որ կա առողջ քննադատություն, վատ է, եթե դա դատարկ քննադատություն է, այդպիսի կարծիքը ինձ չի հետաքրքրում:
Սերիալի լավն այն էր, որ ամեն մեկին կոնկրետ ինչ-որ բան էր դուր գալիս, մեկին դուր էր գալիս Ջեմմայի կերպարը, մեկին` Հալալի ու Զուլալի, շատերն էլ՝ Արամիկի համար էին նայում:
Քննադատությունը միշտ պետք է լինի, որովհետև այն քեզ լավ «մարզավիճակի» մեջ է պահում և յուրաքանչյուր հեռուստադիտողի կարծիք էլ կարևոր է ինձ համար:

-Ապագայում հեռուստադիտողը Մկոյին և Հայկոյին ի՞նչ նախագծերում կտեսնի:

-Բնականաբար, կտեսնի նոր նախագծերում: Մտահղացումներ կան, որոնք կիրագործվեն առաջիկայում, բայց ավելի մոտ ապագայում գեղարվեստական ֆիլմերի հետ կապված ծրագրեր կան: Դրանք իրագործելուց հետո արդեն կանդրադառնանք հեռուստատեսային նախագծերի:
Կատեգորիա: Զվարճալի | Դիտումներ: 837 | Ավելացրեց: Dave | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն