09:28 ԲԱՐԵՎ |
- Բա՛րեւ, - Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝ Կնքված անձնագիր ցույց տալու նման, Կենսագրություն պատմելու նման, Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։ Եվ կուզենայի՜, Շա՜տ կուզենայի, Որ այս բառն իրոք դառնար անձնագիր Աշխարհո՛ւմ համայն, Ամենքի՛ համար։ Եվ կուզենայի՜, Շա՜տ կուզենայի, Որ նմանապես այս բառը լիներ Նոր եւ իրական մի "Բացվի՛ր, Սեզա՜մ”։ - Բա՛րեւ, - Ասեիր գնացքին, Նավին Կամ օդանավին, Ու ներս մտնեիր. "Բարեւ”-ըդ իբրեւ տոմսակ ընդունվեր։ - Բա՛րեւ, - Ասեիր կնոջն անծանոթ, Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին Կամ ներումնահայց ժպիտով ասեր, Թե բարեւե՜լ են քեզանից առաջ։ - Բա՛րեւ, - Ասեիր, եւ պարզ երկինքը Իսկո՛ւյն անձրեւեր, եթե պետք է դա։ - Բա՛րեւ, - Ասեիր լռակյաց հողին, Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր։ - Բա՛րեւ, - Ասեիր մահի՛ն էլ անգամ, Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝ Ինքը շտապե՛լ, Շա՜տ է շտապել... - Բա՛րեւ-ը դառնար իրական ու նոր մի... "Բացվի՛ր, Սեզա՜մ”։ Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր - Բա՜րեւ, - Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին Խաղալիք դառնար մեր մանկան համար Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք, Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում։ Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար, Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների, Կախարան դառնար եղջերուն վայրի, Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ, Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք... Անկարելի բան աշխարհում չկա՛, Եթե աշխարհում իշխում է բարին, Որ մեր բերանում դարձել է - Բա՛րեւ. - Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման, Կենսագրություն պատմելու նման Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝ - Բա՛րեւ, - Քե՛զ Ու Ձե՛զ Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ։ Թո՛ղ անկարելին դառնա կարելի Աշխարհո՛ւմ համայն, Ամենքի՛ս համար, Դառնա կարելի վաղն ու հենց հիմա, Դառնա կարելի մե՛կ բառով՝ - Բա՛րեւ... Քանի որ սա անդրանիկ կայքի անդրանիկ գրառումներից է որոշեցի ողջույնով սկսել: Հույս ունեմ, որ բոլորս ակտիվ կմասնակցենք և այս կայք այցելելը կդարձնենք հաճելի զբաղմունք: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |